Ադրբեջանցիներն ավերել են Մարտակերտի խաչքար – հուշաղբյուրը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։
Նշվում է, որ Ադրբեջանը պատերազմում է խաչքարերի դեմ։
«Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո, Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայկական արժեքներին։
Ադրբեջանցիներն այս անգամ ավերել են Մարտակերտ քաղաքի Դանիել Վարուժանի փողոցում գտնվող Հարութ Բաբայանի և Գարիկ Մնացականյանի հիշատակն հավերժացնող խաչքար – հուշաղբյուրը։ Այն կանգնեցվել էր 2021 թվականի հոկտեմբերին Հարութ Բաբայանի հոր՝ Ռաշիդ Բաբայանի մտահղացմամբ ու անձնական միջոցներով»,–ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։