Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ, ղարաբաղյան հակամարտության մասնագետ Թոմ դը Վաալը, անդրադառնալով Հայաստանի շուրջ իրավիճակին, ասել է, որ 2024-ին ինչ-որ տեղ վտանգավոր պահ է ՀՀ համար, սպասվում են բազմաթիվ մարտահրավերներ։
Նա ընդգծել է, որ Հայաստանն առերեսվելու է ոչ միայն Ադրբեջանից եկող սպառնալիքի, այլև Ռուսաստանի հետ հարաբերությունների կորստի կամ խզման սպառնալիքի հետ, հայտնում է «Ազատությունը»։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ դեկտեմբերին հրապարակված իր «Հայաստանի գոյաբանական պահը» վերլուծությանը՝ փորձագետը նշել է, որ թեև վերնագիրն իրենը չէ, սակայն, «սա շատ վճռորոշ, կարևոր, ինչ-որ տեղ վտանգավոր պահ է Հայաստանի համար 2024 թվականին»:
«Երկիրը կանգնած է թերևս ամենադժվար ընտրությունների առջև՝ համեմատելի 1980-ականների վերջին կամ նույնիսկ 1920-ականների իրավիճակի հետ: Խոսքն, իհարկե, Ղարաբաղի կորստի և այնտեղից հայ բնակչության փախուստի մասին է։ Սա լուրջ պահ է Հայաստանի համար, որը ոմանք համեմատում են 1920 թվականի կամ նույնիսկ 1915 թվականի Ցեղասպանության հետ։ Սա նաև կլինի այն տարին, երբ Հայաստանը առերեսվելու է ոչ միայն Ադրբեջանից եկող սպառնալիքի, այլև Ռուսաստանի հետ հարաբերությունների կորստի կամ խզման սպառնալիքի հետ: Այսպիսով, 2024 թվականին Հայաստանին անկասկած սպասում են բազմաթիվ մարտահրավերներ»,–ասել է նա։
Պատասխանելով Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» մասով դեռևս պահպանվող հավակնության և ռազմական ճանապարհով հարցը լուծելու գայթակղության մասին հարցին՝ Թոմ դը Վաալն ասել է, որ ամեն ինչ դեռ հնարավոր է։
«Ադրբեջանը դեռ ուժեղ է։ Հայաստանը դեռ թույլ է։ Այսպիսով, ամեն ինչ հնարավոր է: Սկսենք նրանից, որ այս անորոշ աշխարհում մենք պետք է պատրաստ լինենք կանխատեսել անկանխատեսելին: Միաժամանակ, կարծում եմ, որ Ադրբեջանի համար շատ ռիսկային է բռնի ուժով վերցնել Մեղրին կամ Սյունիքը։ Սա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն է։ Եթե ուժով եք վերցնում այն, ուրեմն ձեզ այնպես եք պահում, ինչպես Ռուսաստանը Ուկրաինայում։ Նաև, եթե ուզում եք երկաթգիծ կառուցել և ուզում եք միջազգային աջակցություն այդ երկաթուղու համար, ապա չպետք է տարածք բռնակցեք։ Դուք չեք կարող ստիպել Համաշխարհային բանկին և այլ մարդկանց համագործակցել ձեզ հետ՝ երկաթուղու կառուցման գործում:
Իմ ենթադրությունն այն է, որ սա հարկադրանքի ռազմավարություն է, երբ Հայաստանի նկատմամբ հարկադրական մարտավարություն ես օգտագործում՝ փորձելով ստիպել նրան ընդունել այս երկաթուղին ադրբեջանական պայմաններով: Եվ, իհարկե, օգտագործում ես ռուսական քարտը, քանի որ այստեղ համընկնում կա Ռուսաստանի շահերի հետ։ Մենք հիշում ենք 2020–ի նոյեմբերի համաձայնագիրը, որն, ըստ էության, չգործող է, բայց դրա մի տարրը, ինչպես Դուք նշեցիք, այն է, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն պետք է պահպանի այդ երթուղին: Ես երկու անգամ զրուցել եմ ադրբեջանցի պաշտոնյաների հետ և նրանց հարցրել. – «Ինչո՞ւ եք սատարում դրան»: Եվ նրանք ասացին, որ դա ամենալավ տարբերակն է։ Այսպիսով, Ռուսաստանն ու Ադրբեջանը հստակ պայմանավորվել են այդ հարցում։ Իսկ դա Հայաստանի համար դժվար է, քանի որ ռուսներն արդեն տեղում են, նրանք արդեն տեղում ունեն սահմանապահ զորքեր: Այնպես որ, ես ավելի քիչ եմ ակնկալում լայնածավալ ներխուժում և ավելի շատ մեծ ճնշում եմ ակնկալում Հայաստանի վրա՝ դա ընդունելու համար»,–ասել է նա։
Փորձագետը հավելել է, որ Հայաստանի արևմտյան գործընկերների հարցն այն է, թե ինչ կարող են նրանք անել:
«Կարո՞ղ են դրա դիմաց ինչ-որ բան առաջարկել Հայաստանին՝ այլընտրանքային ռազմավարություն, որտեղ այս ճանապարհը կառուցվում է, բայց դառնում է միջազգային և ոչ միայն ադրբեջանա-ռուսական ճանապարհ»,–ասել է նա։
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին։ Նա նշել է, որ ցամաքային ճանապարհով Թուրքիան այլ թյուրքական երկրների հետ կապող «Զանգեզուրի միջանցքի» 43 կմ–ն անցնում է Հայաստանի տարածքով։
Հայաստանի իշխանությունները մշտապես բոլոր հարթակներում կրկնում են, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չեն քննարկում և չեն քննարկի, սակայն կողմ են ճանապարհների բացմանը։