Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի նախարարի հայտարարություններին, ասել է, որ տարանցիկ գործակցության զարգացումը չի կարող հիմք լինել երկրների տարածքային ամբողջականության խախտման համար։
Նա նշել է, որ Իրանը հստակ դիրքորոշում ունի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ, հայտնում է IRNA գործակալությունը։
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանի երկրներում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման համար։ Ընդգծում ենք, որ տարանցիկ գործակցության զարգացումը չի կարող հիմք ծառայել աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խախտման համար»,–ասել է Քանանին։
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին։ Նա նշել է, որ ցամաքային ճանապարհով Թուրքիան այլ թյուրքական երկրների հետ կապող «Զանգեզուրի միջանցքի» 43 կմ–ն անցնում է Հայաստանի տարածքով։
«Այնտեղ նույնպես աշխատանքներ են իրականացվում՝ նախագծի շրջանակում պլանավորման և թենդերների հետ կապված։ Իրանը ևս հետաքրքրված է Զանգեզուրի միջանցքով։ Մենք շարունակում ենք բանակցություններն իրանական կողմի հետ, ասում ենք, որ պատրաստ ենք միանալ նախագծին»,–ասել է թուրք նախարարը: