AM
12 January 2024 - 08:48 AMT

ԱՄՆ Պետդեպ․ Շարունակում ենք հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է

ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է` ԱՄՆ–ում շարունակում են հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է», -ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Նա վստահեցրել է՝ այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի։

«Ակնհայտ է, որ համակարգող Բոնոն, քարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված լինել այս հարցում», – ասել է Պատելը՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի Հարավային Կովկաս այցի մասին հարցին։ :

Հունվարի 8-ին Երևանում էր ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն։ Նա հանդիպեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, հայ-թուրքական կարգավորման հարցով հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, հանդիպումներում քննարկեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Լուիս Բոնոն Երևանից հետո Բաքու չայցելեց. թե ինչու, ամերիկյան ու ադրբեջանական կողմերը պաշտոնապես չեն բացատրել։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը միայն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին։