Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի համաշխարհային զեկույցը, որի Ադրբեջանին նվիրված մասում առանձին անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղին։
Մասնավորապես, նշվում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողությունը վերականգնելու համար, մեկօրյա մարտից հետո Լեռնային Ղարաբաղի ուժերը հանձնվել են, գրում է Factor.am-ը։
«Ավելի քան 100,000 էթնիկ հայեր, շրջանի գրեթե ամբողջ հայ բնակչությունը, փախել են Հայաստան։ Ռազմական գործողությունը հետևել է տարածաշրջանում պարենամթերքի, դեղորայքի, հիգիենայի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մի քանի ամիսների խիստ պակասին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային միջոցների և հետիոտնի երթևեկության խափանման պատճառով, որը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերին»,- գրում է HRW-ը։
Նշվում է, որ հունիսի կեսերից սկսած Ադրբեջանն արգելափակել է մարդասիրական բոլոր ապրանքների առաքումները և պարբերաբար արգելափակել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հիվանդների տեղափոխմանը։
Նշվում է նաև, որ Ադրբեջանը նաև անջատել է էլեկտրաէներգիայի և գազամատակարարման գծերը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի կանոնավոր ամենօրյա անջատումների: Դեռևս սեպտեմբերյան ռազմական գործողությունից առաջ հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածներում և Լեռնային Ղարաբաղում պարբերաբար փոխհրաձգություններ են բռնկվել՝ սպառնալով այդ շրջանների խաղաղ բնակիչների անվտանգությանն ու ապրուստին: Բացի այդ, նշվում է, որ Ադրբեջանը հրաժարվել է կատարել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի և հուլիսի միջանկյալ որոշումները, որոնք կոչ էին անում Բաքվին ապահովել «մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։
«Սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո Ադրբեջանը ձերբակալել Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների մի քանի ներկայացուցիչների՝ նրանց մեղադրելով, ի թիվս այլնի, ահաբեկչության ֆինանսավորման, անօրինական զինված կազմավորումների ստեղծման և սահմանի ապօրինի հատման մեջ:
Կառավարություններն ու միջկառավարական կազմակերպություններն ահազանգել են հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Հոկտեմբերին ընդունված բանաձևում Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին «թույլ տալ հայ բնակչության անվտանգ վերադարձը» և «առաջարկել ամուր երաշխիքներ նրանց իրավունքների պաշտպանության համար», ինչպես նաև կոչ է արել ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային դիտորդական առաքելություն ստեղծել։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հոկտեմբերին ընդունված համատեղ հայտարարության մեջ 34 երկրներ կոչ են արել Ադրբեջանին «անմիջապես պայմաններ ստեղծել էթնիկ հայերի կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար» ու ապահովել իրավիճակի միջազգային մոնիթորինգ»,- գրում է HRW-ը։
Զեկույցում նաև փաստագրված են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։