AM
16 January 2024 - 11:39 AMT

Ֆրանսիայի Սենատը ԼՂ հայ բնակչության վերադարձի վերաբերյալ բանաձև կքննարկի

Ֆրանսիայի Սենատը Արցախի ու Հայաստանի վերաբերյալ նոր բանաձև է քննարկելու։ Սենատի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումը, ագրեսիան ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման հետագա փորձերը։

Բանաձևը պահանջում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել և ԼՂ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ սահմանել, հայտնում է Factor.am-ը։

«Սենատը մեծ վճռականությամբ դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին իր դաշնակիցների աջակցությամբ Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում, որը ստիպեց այնտեղ բնակվող գրեթե ամբողջ հայ բնակչությանն արտագաղթել։ Սենատը հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է, և որ գործող պետությունները պետք է հարգեն և պաշտպանեն այս իրավունքը։

Հետևաբար՝ միջազգային հանրության պարտականությունն է պահանջել, որ Ադրբեջանը անի ամեն ինչ՝ երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ՝ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու հնարավոր պայմաններով»,-ասվում է բանաձևի նախագծի տեքստում։

Այն նաև վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։