Եվրամիությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Այդ մասին Բրյուսելում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն, հայտնում է Արմենպրեսը։
Նա այդ մասին ասել է՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին։
«Մենք սերտ կապի մեջ ենք եղել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ՝ առանց հոգնելու կրկնելով մեր աջակցությունը երկու երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հիմնախնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն։ Մեր հաղորդակցության ուղիները մնում են բաց։ ԵՄ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները Ադրբեջանին հստակ ուղերձներ հաղորդելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների վրա։ Մենք մնում ենք հաստատուն այս դիրքորոշման մեջ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շարունակում են իրենց ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման համար», – ասել է Ստանոն։
Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև ասել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, որևէ այլ հատվածում ՀՀ հետ սահմանը չեն բացի։
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից։