Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան հայտարարել է Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա բացելու մտադրության մասին։ Անելկան այդ մասին ասել է Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայի սաների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։
«Նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել այստեղ: Գիտեմ, որ մեծ ֆուտբոլային ներուժ կա ձեր երկրում: Բացի ակադեմիա բացելու մեր նպատակներից, նաև միտք ունենք տեքստիլ արտադրանքով էլ զբաղվել, որը կծառայի երեխաներին: Այստեղ մեծ ֆուտբոլային հնարավորություններ են բացվում մեր առաջ: Վստահ եմ, որ լավ երեխաներ կան, սակայն պետք է աշխատենք նրանց հետ: Ֆուտբոլիստ դառնալը նրանց մեծ երազանքն է, և, ինչու ոչ, մենք էլ կարող ենք տալ նրանց այդ հնարավորությունը»,-ասել է Անելկան:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը հետևել է Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայի սաների մարզումներին, լուսանկարվեց նրանց հետ և ստորագրել երեխաների գնդակների վրա:
Անելկան պատանի ֆուտբոլիստներին հորդորել է մեծ ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին ժպիտով և երջանկությամբ մասնակցել յուրաքանչյուր մարզման և խաղադաշտ մտնել մեծ տարերքով:
Նիկոլա Անելկան Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 2000 թվականի առաջնության չեմպիոն: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա խաղացել է ՊՍԺ-ում, «Արսենալում», «Ռեալում», «Չելսիում» և մի շարք այլ ակումբներում: