AM
18 January 2024 - 11:10 AMT

Լավրով․ Եռակողմ հայտարարությունում «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ճեպազրույցում անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» շուրջ կողմերի հայտարարություններին, ասել է, որ 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք երբեք չի գնացել, հայտնում է Factor.am-ը։

«Այնտեղ ասվում է, որ ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը և, որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ երթևեկության անվտանգությունը։ Երթուղին անցնում է ՀՀ ինքնիշխան տարածքով ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության հսկողության տակ»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ այլընտրանք չի տեսնում Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը։

«Նույն եռակողմ հայտարարությամբ համաձայնեցվել են սկզբունքային առումով սահմանապահ և մաքսային հսկողության ընթացակարգերը Ադրբեջանից Հայաստան մուտք գործելիս և Հայաստանից ադրբեջանական Նախիջևան ելքի ժամանակ»,–ասել է Լավրովը։

Նա նաև անտրամաբանական է համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, որ ՀՀ-ն պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ նույն պայմաններով, ինչ Իրանն է տալիս։ Ըստ նրա՝ անտեղի է համեմատել այդ երթուղիները։

Լավրովը հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը ստեղծվել է 2021-ին ՀՀ, ՌԴ և և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր կապերի և երթուղիների ապաշրջափակման դեպքում այն երկրները, որոնց տարածքով ցանկացած նման երթուղի է անցնում, լիովին պահպանում են իրենց տարածքներում դրանց ինքնիշխանությունն ու իրավասությունը։

«Շատ տխուր է, որ այնպիսի պրակտիկ, Հայաստանի համար շահավետ բանը, ինչպիսին երթուղու բացումն է Սյունիքի մարզով, մինչ օրս թղթի վրա է մնում։ Ամենայն հարգանքով հանդերձ, պատճառը ես տեսնում եմ Երևանի դիրքորոշման մեջ»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։