AM
18 January 2024 - 11:35 AMT

Լավրով․ Առաջընթացի բացակայությունը ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանավորված է Երևանի դիրքորոշմամբ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե առաջընթացի բացակայությունը ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում պայմանավորված է Երևանի դիրքորոշմամբ, որին «խորհուրդներ է բաժանում Արևմուտքը»։

«Ամենայն հարգանքով, բայց ես պատճառը տեսնում եմ Երևանի դիրքորոշման մեջ»,– ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Չգիտեմ ով ինչ է խորհուրդ տալիս Երևանին, բայց մենք տեսել ենք, թե ինչպես ԵՄ–ն, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ–ն միանգամից, հենց որ հասկացան, որ ռուս–ադրբեջանա–հայկական գործընթացն արդյունք է տալիս և երթուղիների ապաշրջափակման, և սահմանազատման, և խաղաղության պայմանագրի պատրաստման գծով, անմիջապես առանց հրավերի սկսեցին ներդրվել այդ գործընթացներում»,–ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։