ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է` ՌԴ–ն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական 10–րդ գագաթնաժողովին։ Այդ մասին նա խոսել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«ՀՀ–ն այս տարի նախագահում է Եվրասիական տնտեսական խորհրդում։ Դա նաև ենթադրում է փոխադարձ այցեր, պատվիրակությունների փոխանակում։ Մայիսին Մոսկվայում նախատեսվում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը և, իհարկե, ռուսական կողմն ակնկալում է, որ նախագահող երկրի ղեկավար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի»,–ասել է դեսպանը։
Նա հավելել է, որ բարձր մակարդակի փոխադարձ այցերը սովորական իրողություն են միջպետական հարաբերություններում և այդ հարցը եղել է, կա և կմնա օրակարգում։
«Հիշեցնեմ, որ վերջերս, մեկ ամիս առաջ, Երևանում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը գլխավորել են մեր երկրների վարչապետերը։ Նիստին մասնակցել են ինչպես ՌԴ–ի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դա շատ նշանակալի, կարևոր իրադարձություն էր երկկողմ հարաբերություններում։ Անշուշտ, այն կարևոր որոշումները, որ ընդունվել են, իրականացվելու են և կպահանջեն շփումներ, այցեր»,–ասել է նա։
Դեսպանը հավելել է, որ ռուսական կողմից հայ գործընկերները 2024–ի մի շարք միջոցառումների մասնակցելու հրավեր են ստացել։
«Ամբողջը չեմ թվարկի, մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Անշուշտ, նման այցերը, այդ թվում բարձր մակարդակի, մեր օրակարգում են»,–ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին ԵԱՏՄ–ում նախագահության գործում՝ հավելելով, որ ՌԴ–ն պատրաստ է օգնել։
Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ: Փաշինյանը նաև ասել է, որև ԵԱՏՄ-ի ներսում կուտակվել են սկզբունքային բնույթ կրող մի շարք չլուծված խնդիրներ՝ ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության մոտեցումները, սկզբունքները և մեխանիզմները համաձայնեցնելու վերաբերյալ հիմնարար լուծումների հասնելու հասունացած անհրաժեշտություն կա։