ԱՄՆ–ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Նա հույս է հայտնել, որ կողմերը կայուն խաղաղության պայմանագիր կստորագրեն՝ որքան շուտ, այնքան լավ։
«Մենք սատարում ենք երկու երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք հուսով ենք, որ կողմերը կայուն խաղաղության պայմանագիր կստորագրեն, որով երկրները փոխադարձաբար կճանաչեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ որքան շուտ, այնքան լավ։ Կողմերը զգալի առաջընթացի են հասել վերջին մեկ տարում և մենք կոչ ենք անում նրանց պահպանել այդ ազդակը, ավելացնելով նախորդ բանակցությունների արդյունքները, և համաձայնագիր կնքել»,–ասել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։