AM
19 January 2024 - 10:39 AMT

Le Figaro-ի փոխտնօրեն. Պատմական կեղծիքը թույլ է տալիս Ալիևին «արդարացնել» Երևանը նվաճելու իր նկրտումները

Ֆրանսիական Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Երևանը «ադրբեջանական քաղաք է»` որակելով դա որպես պատմական կեղծիք, որի միջոցով Ալիևը ցանկանում է «արդարացնել» Երևանը նվաճելու իր նկրտումները։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ալիևն ասում է, թե Երևանն առաջին «ադրբեջանական քաղաքն էր, որը հայերն ավերել ու թալանել են» 1918 թվականին։ Պատմական կեղծիք, որը թույլ է տալիս նրան արդարացնել իր իմպերիալիստական նկրտումները՝ հարձակվել Հայաստանի վրա և գրավել նրա մայրաքաղաք Երևանը»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։