ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը հունվարի 22–ին ի թիվս այլ հարցերի կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը։ Այդ մասին ասվում է Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ։
ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը Բրյուսելում նախագահելու է ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ընթացիկ հարցերի շրջանակում խորհուրդը կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի հարցը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Խորհուրդը քննարկելու Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան, իրավիճակը Մերձավոր Արևելքում և մի շարք այլ հարցեր։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։