AM
23 January 2024 - 06:44 AMT

Բաքուն և Մոսկվան Գործակցության զարգացման ճանապարհային քարտեզ են ստորագրել

Ադրբեջանն ու Ռուսաստանը 2024-2026 թվականների երկկողմ համագործակցության ճանապարհային քարտեզ են ստորագրել։ Փաստաթուղթը Բաքվում ստորագրել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Փաստաթուղթը առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային, արդյունաբերական, գյուղատնտեսական, մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ քայլեր է նախատեսում, հայտնում է Interfax.az-ը։

Նախորդ նման փաստաթուղթը ստորագրվել էր 2018–ին։

Կողմերը նշել են, որ 2017 թվականից, նախորդ նմանատիպ փաստաթղթի ստորագրումից ի վեր, երկկողմ ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կրկնապատկվել է՝ 2023-ին հասնելով 4․3 միլիարդ դոլարի։

Կողմերը նաև նշել են Հյուսիս–Հարավ միջանցքի ամբողջ հզորությամբ գործարկման կարևորությունը։