Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իրեն հնարավորություն չի տրվել Թբիլիսիում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Վրաստանի նախագահը ողջունում է ՀՀ վարչապետի այցը երկիր, բայց ափսոսում է, որ նախագահին հնարավորություն չի տրվում հանդիպելու և պատշաճ հյուրընկալություն դրսևորելու Վրաստան այցելող բարեկամ երկրների ղեկավարների հանդեպ»,–գրել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Նա ցավալի է համարել այն հանգամանքը, որ պատկան մարմինները նախագահին չեն տեղեկացնում երկրում բարձր մակարդակի այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին։
2022-ի հոկտեմբերին Զուրաբիշվիլիի աշխատակազմը հայտնել էր, որ չի կազմակերպվել Զուրաբիշվիլիի հանդիպումը երկիր այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։