Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը։
Նշվում է, որ վերաքննիչ բողոքը չի բավարարվել և Վարդանյանի կալանքը երկարացնելու մասին դատարանի որոշումը մնում է ուժի մեջ, գրում է Haqqin.az-ը։
Վերաքննիչը «հիմնավորված է համարել» առաջին ատյանի դատարանի որոշումը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ շինծու մեղադրանքով Բաքվի բանտում գտնվող Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով։
Վարդանյանը ձերբակալվել էր ադրբեջանցիների կողմից 2023–ի սեպտեմբերի 27–ին Լաչինի միջանցքում, իսկ սեպտեմբերի 28–ին՝ 4 ամսով կալանավորվել։ Նրան շինծու մեղադրանքներ են ներկայացվել։ Վարդանյանին մասնավորապես մեղադրում են «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբերի ձևավորման, պետական սահմանի ապօրինի խախտման համար»։
ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։