AM
29 January 2024 - 13:30 AMT

Թուրքիայի ՊՆ նախկին ղեկավար Աքարը Բաքվից սպառնացել է ՀՀ-ին

Թուրքիայի նախկին ՊՆ ղեկավար, ներկայում պատգամավոր, Ազգային Մեծ ժողովի պաշտպանության կոմիտեի նախագահ Հուլուսի Աքարը Բաքվում «Շեհիդների պուրակ» այցի ժամանակ ասել է, որ Արցախի դեմ իրականացրած 44-օրյա պատերազմից հետո «Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են համագործակցությունը որպես «Մեկ ազգ, երկու պետություն», որպես «Մեկ բանակ, մեկ բռունցք և մեկ սիրտ» ու իրականացնում են անհրաժեշտ նախագծեր»։

Թուրքիայի նախկին ՊՆ ղելավարը նաև կարծիք է հայտնել, թե որոշ երկրներ Հայաստանը ցանկանում են «պրոքսի պետություն» դարձնել և հերթական անգամ սպառնացել է Հայաստանին, հայտնում է Factor.am-ը՝ ադրբեջանական լրատվամիջոցների վրա հղումով։

«Եթե Հայաստանը հետևի նրանց ասածին, կարող է հայտնվել նույն իրավիճակում, ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ստացավ լուրջ հարված»,- հայտարարել է Աքարը։

Նա նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում և սերտորեն համագործակցում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

«Մեր հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ապահովումն է։ Այս տեսանկյունից մենք փորձում ենք ապահովել, որ Հայաստանին ուղղված Ադրբեջանի խաղաղության առաջարկը հնարավորինս շուտ ընդունվի Երևանի կողմից և հնարավորինս արագ կայունություն ապահովվի տարածաշրջանում»,–ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։