Ադրբեջանի ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որը հնչեցվել է ՀՀ Բանակի օրվա տոնակատարության ժամանակ՝ հայտարարելով, թե այն «միտված է խաղաղության պայմանագրից ուշադրությունը շեղելուն»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը հայտարարել է, որ հայկական կողմն Ադրբեջանին առաջարկել է սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում, նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:
«ՀՀ վարչապետի հայտարարությունն ուղղված է ուշադրությունը շեղելուն ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ նախագծի մշակման գործընթացին»,–ասել է նա, գրում է Interfax.az-ը։
Հաջիզադեն նաև ասել է, թե ՀՀ–ն մինչ օրս գործնական քայլեր չի ձեռնարկել «դադարեցնելու համար Ադրբեջանի ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ նկրտումները, որոնք առկա են ՀՀ Սահմանադրության», օրենսդիր մարմնի մի շարք որոշումներում, ինչպես նաև 44–օրյա պատերազմից հետո միջազգային դատարաններին տարբեր դիմումներում, միջազգային տարբեր կազմակերպություններում տարածած պաշտոնական նամակագրության մեջ։
«Այն, որ հայկական կողմն այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն հնչեցնում է առաջարկներ, որոնք չունեն գործնական նշանակություն, անթույլատրելի է և թյուրըմբռնում է առաջացնում։ Հաշվի առնելով վերանշյալն ու Փաշինյանի այն հայտարարությունը, որ իր երկիրը ռազմականացման լուրջ քաղաքականություն է վարում, մի քանի մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել և զարգացնում է ռազմարդյունաբերությունը, վկայում է այն մասին, որ Հայաստանի հայտարարությունը խաղաղության պայմանագրին լուրջ վերաբերվելու մասին, քաղաքական մանիպուլացիա է»,–ասել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։