AM
31 January 2024 - 06:36 AMT

Զատուլին․ ԼՂ–ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման փաստը կասկածի ենթակա չէ

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման փաստը կասկածի ենթակա չէ։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրոք տեղի է ունեցել՝ «անկախ նրանից, թե ով ինչ է ասում մեզ մոտ, աշխարհում, միջազգային կազմակերպություններում և այլն», հայտնում է Gazeta.ru-ն։

«Թեկուզ այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը լքել է իր տները, հեռացել այն հողից, որն իր հայրենիքն է»,- ասել է նա։

Զատուլինը նաև դատապարտել է Երևանում պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցած միջադեպն ու ասել է, որ դա կարող էր անել «մի ինչ–որ խելագար»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 12–ի ճեպազրույցում ասել է, որ ԼՂ–ում հայերի էթնիկ զտման փաստը փաստաթղթավորված չէ և պետք է «փաստեր ներկայացնել»։ Հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը Երևանում պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ պոկել և տրորել է ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները և Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով տեսանյութը հրապարակել «Tik Tok» սոցիալական ցանցում։

Տղամարդը հարց է ուղղել Զախարովային, իսկ փաստաթուղթ կա, որ Լենինգրադում շրջափակում է եղել, որ Հայաստանում էլ հուշարձան են դրել և սգում են: «Լենինգրադի պաշարման մասին որևէ փաստաթուղթ չկա»,–ասել է Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում։