AM
31 January 2024 - 14:57 AMT

Զախարովա․Պետք է բացել քարտեզն ու տեսնել, թե ինչ տարածաշրջանում է գտնվում ՀՀ-ն և ովքեր են հարևանները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ բանագնաց Խավյեր Կոլոմինայի հայտարարությունները ՆԱՏՕ–ի և Հայաստանի դիրքորոշումների մերձեցման մասին, ասել է, որ եթե որևէ մեկն ուզում է մերձենալ, պետք է նախ հասկանալ, թե որքանով է դա անվտանգ և ինչ հետևանքների կարող է հանգեցնել։

Նա նաև ասել է, որ Հայաստանի պարագայում, հավանաբար, «պետք է նաև բացել քարտեզն ու նայել, թե ինչ տարածաշրջանում է գտնվում Հայաստանը և ովքեր են հարևանները, կարդալ պատմության դասագրքերը»։

Զախարովան նշել է, որ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչն է ձեռնտու Հայաստանին և ինչն է բխում նրա ազգային շահերից։

Նա հավելել է, որ այլ երկրների պարագայում, որոնք մերձեցել են ՆԱՏՕ–ին, տեսանելի են հետևանքները՝ ներգրավվածությունը հակամարտություններին, ինքնիշխանության զիջում և այլն։

«Պետք է ամեն ինչ վերլուծել և հասկանալ, թե որոնք են Հայաստանի ազգային շահերը, ինչն է նրան ձեռնտու, ինչը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ օգուտ կբերի, և ելնել դրանից, ոչ թե խոստումներից», – ասել է Զախարովան։

Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ շատ ոգևորված են այն որոշումներով, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ և որ դաշինքում ցանկանում են ավելի մերձենալ Հայաստանի հետ։

«Ես գիտեմ, որ դա դժվար իրագործելի որոշում է, և, հավանաբար, դրա իրագործումը երկար­ ժամանակ կպահանջի, բայց մենք, իհարկե, խրախուսում ենք մեր գործընկերներին մերձենալ մեզ հետ, և դա այն է, ինչ անում է Հայաստանը», – ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։