AM
2 February 2024 - 11:13 AMT

ԵԱՀԿ դիտորդներ. Ադրբեջանում ընտրություններն անցնում են առանց իրական մրցակցության, ԶԼՄ–ների ճնշմամբ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը միջանկյալ զեկույց է հրապարակել Ադրբեջանում փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ։

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում ընտրություններն անցնում են առանց իրական մրցակցության, ԶԼՄ–ների հանդեպ իշխանությունների ճնշման և ՀԿ–ների կողմից դիտարկման համար խոչընդոտների պայմաններում, գրում է «Կավկազսկի ուզելը»։

Միջանկյալ հաշվետվությունը վերաբերում է 2023–ի դեկտեմբերի 29-ից 2024-ի հունվարի 19-ն ընկած ժամանակահատվածը։

Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի Ընտրական օրենսգրքում որոշ տեխնիկական փոփոխություններ են կատարվել, սակայն դրանք հաշվի չեն առնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախորդ առաջարկությունները, և «նախկինում նշված թերությունները մնում են անփոփոխ»։

Նշվում է նաև, որ մեդիայի և կուսակցությունների մասին նոր օրենքը «էլ ավելի են նեղացնում արտահայտման և միավորումների ազատության տարածքը»։

Նշվում է նաև, որ չնայած Սահմանադրությամբ ԶԼՄ-ների ազատության երաշխավորմանը՝ վերջին երեք ամիսների ընթացքում բազմաթիվ լրագրողներ և մի շարք առցանց ԶԼՄ–ների ղեկավարներ են ձերբակալվել։ Զեկույցում ներկայացվում է նաև գործող նախագահի և մյուս թեկնածուների նախընտրական հիմնադրամների անհավասարությունը։

Նշվում է նաև, որ ընտրություններին մասնակցող մյուս 6 թեկնածուները ոչ վաղ անցյալում բացահայտորեն աջակցել են նախագահին։

Զեկույցի հեղինակները նշում են, որ մինչ այժմ քարոզարշավը «դժգույն» է, թեկնածուների պաստառները միայն սահմանված վայրերում են փակցվում, իսկ խորհրդարանում չընդգրկված հիմնական ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը չի մասնակցում ընտրություններին։

Արտահերթ նախագահական ընտրություններն Ադրբեջանում տեղի են ունենալու փետրվարի 7–ին։ Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025–ին, սակայն գործող նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերին հայտարարեց արտահերթ ընտրությունների անցկացման մասին։