AM
2 February 2024 - 12:13 AMT

Ադրբեջանում ՀՀ հանքավայրերի քարտեզ են պատրաստում․ Ներկայացնելու են COP29 կոնֆերանսին

Ադրբեջանում ՀՀ հանքավայրերի քարտեզ են պատրաստում, որը նախատեսում են բաժանել Բաքվում անցկացվելիք COP29 կոնֆերանսի մասնակցիներին։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի քարտեզագետների հասարակական միավորման նախագահ Մուղաբիլ Բայրամովը։

ՀՀ–ն 2023–ի դեկտեմբերին իր համաձայնությունն է տվել, որ կոնֆերանսն անցնի Ադրբեջանում՝ գերիների փոխանակման համաձայնության շրջանակում:

Նա ասել է, թե քարտեզն արդեն 40%–ով պատրաստ է և ներկայացնելու է ոչ միայն Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող հանքարդյունաբերական ձեռնարկությունները, այլ ընդգրկելու է Հայաստանի ամբողջ տարածքը։

Ըստ Բայրամովի, քարտեզից հնարավոր կլինի իմանալ, թե Հայաստանում որտեղ կան օգտակար հանածոներ, ինչպես նաև կտեղադրվի «բնապահպանական տեղեկատվություն»՝ օրինակ, թե «որ գետերն ինչով են աղտոտված և ուր են լցվում թափոնները։

Նա նաև ասել է, թե քարտեզը եռալեզու է լինելու՝ ադրբեջաներեն, հայերեն և անգլերեն, և ամբողջապես ներկայացվելու է «ադրբեջանական տեղանուններով»:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») 2024–ին կանցկացվի Ադրբեջանում։