Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ և որ Մոսկվայում հուսով են, որ Երևանը դա հաշվի կառնի ներկայիս աշխարահաքաղաքական իրավիճակու և ճիշտ ընտրություն կկատարի։
Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ՌԴ-ն այլևս չի կարող առանցքային գործընկեր լինել անվտանգության ոլորտում։
«ՀՀ վարչապետի հայտարարությունների կապակցությամբ կցանկանայի ընդգծել, որ մեր երկրները շարունակում են դաշնակիցներ մնալ։ Հայ ժողովրդի շահերն անբաժանելի են ՌԴ հետ բարիդրացիական հարաբերություններից։ Ակնկալում ենք, որ ՀՀ ղեկավարությունը դա հաշվի կառնի և ճիշտ ընտրություն կկատարի ներկայիս աշխարհաքաղաքական վերափոխումների ֆոնին»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Զախարովան ընդգծել է՝ «ճիշտ ընտրություն ոչ թե ՌԴ տեսակետից, այլ Հայաստանի ժողովրդի շահերից»։
Նա նշել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն հուսալի երկկողմ իրավապայմանագրային բազա ունեն անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշատակել է 1997–ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիրը, 1995թ․ ռուսական ռազմակայանի մասին պայմանագիրը, 2015–ի ՀՕՊ համատեղ համակարգի ստեղծման մասին միջպետական համաձայնագիրը։
«ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ փոխգործակցությանը վերադառնալը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի շահերից։ Երևանի տրամադրության տակ է կազմակերպության հնարավորությունների լայն շրջանակ, նրա ներուժը՝ հիմնված բազմամյա փորձի վրա։ Վստահ ենք, որ ի տարբերություն ԵՄ–ի իբր դիտորդական առաքելության, որը հայտարարված նպատակներից հեռու հարցերով է զբաղված, ՀԱՊԿ–ը կարող է կայունացնող դեր ունենալ Հարավային Կովկասում»,- հավելել է Զախարովան։