Ադրբեջանում «դատապարտել և մերժել են» ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ–ի՝ ՀՀ–ում Հռոմի ստատուտի վավերացումը «այդ ինստիտուտներն իր անհիմն նկրտումների համար օգտագործելու փորձ է», հայտնում է Haqqin.az-ը։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն ասել է. «Մենք վճռականորեն մերժում և դատապարտում ենք Ադրբեջանի դեմ ուղղված ՀՀ ԱԳ նախարարի ելույթը։ Այն ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումn այդ ինստիտուտներն իր անհիմն նկրտումների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզի, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանության համար օգտագործելու փորձ է»։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ հայտարարել է, որ որպես Հռոմի ստատուտի նոր մասնակից պետություն՝ Հայաստանը կլինի ՄՔԴ ակտիվ անդամ։ Նա նշել է՝ Հայաստանը հավատում է, որ չափազանց կարևոր է միջազգային դատական համակարգի ստեղծումը, որը կապահովի ցեղասպանություն և այլ ծանր հանցագործություններ կատարած անձանց պատիժը։
ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները և մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետևանքով ավելի քան 100,000 հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետևանքներ և շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության ուղենիշ»,–ասել է նա։