AM
13 February 2024 - 07:33 AMT

ԱՄՆ Պետդեպ․ Վաշինգտոնն աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակմանը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակմանը։

Նա այդպես է պատասխանել հարցին, թե ինչպես է ԱՄՆ–ն վերաբերվում առանց միջնորդի բանակցելու Ադրբեջանի և Հայաստանի փորձերին։

«Ես չեմ ուզում կոնկրետ դա մեկնաբանել, բայց կասեմ, մենք աջակցում ենք երկխոսության շարունակմանը։ Մենք կարծում ենք, որ դա լավագույն միջոցն է՝ հակամարտության կայուն դադարեցման համար, և մենք կշարունակենք դրան հասնելու ջանքերը»,–ասել է Միլլերը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։