AM
13 February 2024 - 11:46 AMT

Մոսկվան զսպվածության կոչ է արել Բաքվին և Երևանին՝ նշելով՝ տագնապալի լուրեր են գալիս շփման գծից

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Ներքին Հանդի ուղղությամբ միջադեպին, հայտարարել է, որ Ռուսաստանը զսպվածության կոչ է անում Բաքվին և Երևանին և նշել, որ սահմանային լարումը չի նպաստում բանակցային գործընթացին։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։

Նա հույս է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը կշարունակվի, գրում է ՌԻԱ Նովոստին։

Լրագրողները Պեսկովին հարցրել են, թե արդյոք սահմանային վերջին դեպքերը չե՞ն վտանգում խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Նման միջադեպերն առնվազն չեն նպաստում այդ գործընթացի, բանակցային գործընթացի առաջմղմանը, խաղաղության պայմանագրի ստորագրման պահի մոտեցմանը։ Բայց հուսով ենք, որ այդ գործընթացն իր շարունակությունը կունենա»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը տագնապալի է անվանել սահմանից ստացվող լուրերը։

«Անկասկած, դրանք տագնապալի լուրեր են, որ գալիս են շփման գծից։ Երկու կողմերին զսպվածության կոչ ենք անում, կոչ ենք անում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է համարել սադրիչ։ Շատ ուշադիր հետևելու ենք»,–ասել է Պեսկովը։