AM
13 February 2024 - 14:55 AMT

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն «հավատարիմ է» խաղաղության գործընթացին

Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է Հայաստանի արտգործնախարարությանը՝ մերժելով այն փաստը, որ Բաքուն պատրվակ է փնտրում սրացման համար և հայտարարելով, թե «հավատարիմ է խաղաղության գործընթացին»։

Նշվում է, թե ադրբեջանական կողմը «վերացրել է հայկական մարտական դիրքից բխող սպառնալիքը»։

«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին և կոչ է անում հայկական կողմին խուսափել ռազմական էսկալացիայից»,–ասվում է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն խստրեն դատապարտել է ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական գործողությունները և կոչ արել Բաքվին զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների: Նշվում է, որ ուժի կիրառման գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջին օրերի տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքները:

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։