AM
14 February 2024 - 08:03 AMT

Բորելի հայտարարությունները Բաքվում «սադրիչ» և «հայամետ» են որակել

Ադրբեջանի ԱԳՆ–ն «սադրիչ» և «հայամետ» է անվանել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունները Բրյուսելում՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։

«Չնայած Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի խաղաղ նախաձեռնություններին, Բորելը միակողմանի հայանպաստ դիրքորոշում է որդեգրել՝ դրանով իսկ խզում առաջացնելով Ադրբեջանի և Եվրամիության ինստիտուտների միջև և մեկուսացնում է իրեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջանը «դատապարտում և մերժում է Բորելի անհիմն մեղադրանքները», քանի որ Ադրբեջանի «պատասխանը լոկալ էր և համարժեք», գրում է Haqqin.az-ը։

Նշվում է նաև, որ Բորելի առաջարկը զինված ուժերը հետ քաշելու վերաբերյալ չունի գործնական նշանակություն։ Ըստ Բաքվի, «անթույլատրելի է ԼՂ բնակիչներին բռնի տեղահանված անվանել», ինչպես նաև օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը։

Բորելը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը կրկին ընդգծում է զորքերը հետ քաշելու հրատապ անհրաժեշտությունը։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։