AM
15 February 2024 - 11:12 AMT

Գալուզին․ ՀԱՊԿ-ում լիարժեք խորհրդակցություններին վերադառնալը բխում է նախ ՀՀ շահերից

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, խոսելով ՀՀ–ի կողմից ՀԱՊԿ նիստերի բոյկոտի մասին, ասել է, որ ՀԱՊԿ-ում լիարժեք խորհրդակցություններին վերադառնալը բխում է Հայաստանի շահերից։ Այդ մասին նա ասել է «Իզվեստիային» տված հարցազրույցում։

«ՀԱՊԿ-ում գտնվելը և կազմակերպության շրջանակում լիարժեք խորհրդակցություններին, քննարկումներին վերադառնալը բխում է առաջին հերթին Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերից: Օբեյկտիվորեն Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմի այլընտրանք, ըստ իս, չի նկատվում։ Առավել ևս, որ անդամ պետությունները պատրաստ էին և հիմա էլ բաց են Երևանին աջակցելու համար։

Ժամանակին Հայաստանին առաջարկվել են և ռազմատեխնիկական բնույթի միջոցներ, և պրոֆիլային անձնակազմի պատրաստման հետ կապված միջոցառումներ, առաջարկվել է ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել հայ–ադրբեջանական սահմանամերձ շրջաններ: Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան և կյանքի չկոչվեցին»,–ասել է նա։

Գալուզինը նաև ասել է, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այդ տարածաշրջանը ընդհանուր տուն է։

«Ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան, ոչ Եվրամիության պետությունները նման երկրների շարքին չեն դասվում։ Հետևաբար, մենք անարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերի, «արևմտականների» ներքաշումը տարածաշրջան, ինչին, ցավոք, վերջին շրջանում հակված է պաշտոնական Երևանը», – ասել է նա։

Ըստ նրա, Հարավային Կովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանին օգնելու, այլ այդ գործընթացից Ռուսաստանին դուրս մղելու ու նրա սահմանների անմիջական հարևանությամբ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հետ։

«Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ որքան շուտ Երևանում հաղթահարեն ՀԱՊԿ-ի հանդեպ կասկածները և վերադառնան կազմակերպության օրակարգում եղած կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումների քաղաքական ու փորձագիտական մակարդակներում, այնքան լավ», – ընդգծել է նա:

ՀՀ իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին պարտավորությունները չկատարելու մեջ, մասնավորապես, 2022–ի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Հայաստանը նաև հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին և չի մասնակցում կառույցի նիստերին։