Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհն են դարձել։ Այդ մասին ահազանգել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային վանդալիզմի հերթական փաստն ապացուցող հրապարակումը: Համաձայն այդ հրապարակման՝ Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս եկեղեցիների տարածքում (նյութի աղբյուրում վերջիններս ներկայացվում են որպես աղվանական) իրականացվելու են պարսպապատման և վերանորոգման աշխատանքներ:
Լուսանկարներից պարզ է դառնում, որ եկեղեցու տարածքում արդեն իսկ սկսվել են շինարարական աշխատանքները․ հանվել են Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը, արձանագիր քարերից մեկը, եկեղեցու տարածքից բացակայում են նաև խաչքարերի բեկորները:

Սուրբ Գրիգոր եկեղեցու տարածքում քանդվել են նաև մինչև 1993 թվականը տեղի թրքացած քուրդ ընտանիքի կողմից արված կցակառուցումները»,- ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի այցի ընթացքում հորդորել էր ջնջել հայկական արձանագրությունները՝ չթաքցնելով հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության բուն էությունը. այն է ոչնչացում, ձևափոխում և յուրացում։
Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցուց հանվել է խաչը, ջնջել են հայկական արձանագրությունը։ Ադրբեջանցիները հանել են նաև Հադրութում գտնվող Սպիտակ խաչ եկեղեցու խաչը, Սուրբ Ղազանչեցոց տաճարի գմբեթը, պղծել Թալիշի եկեղեցին, գրեթե ավերել Շուշի Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիները և այլ մշակությային ու կրոնական կոթողներ։