Ադրբեջանում սրտնեղել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններից, որոնք նա արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում՝ անվանելով դրանք «չհիմնավորված և միակողմանի»:
Բաքվին նաև զայրացրել է ԼՂ բնակիչների՝ իրենց տները վերադառնալու իրավունքը «արագ, անարգել և անվտանգ» ապահովելու կոչը։
Բաքվում նաև կարծում են, որ «անթույլատրելի է մեղադրել Ադրբեջանին անհամաչափ պատասխանի մեջ՝ ձեռնպահ մնալով Հայաստանին քննադատելուց, որը չհրահրված գործողություն է ձեռնարկել», գրում է Interfax.az-ը։
«Մենք մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը, ուղղված տարածաշրջանում նոր լարվածության ստեղծմանը, խաղաղության և կայունության խոչընդոտմանը, ոչ մի արդյունք չի տա»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Մակրոնն իր խոսքում ասել է, որ ՀՀ–ն կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին, նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին:
«Մենք նաև կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը: Համաձայն այս որոշման՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից և ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն»,–ասել է նա։
Ընթերցեք նաև․ Մակրոնը՝ Փաշինյանին․ Կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը ՀՀ-ին՝ անկախությանը, տարածքային ամբողջականությանը