AM
7 Մարտ 2024 - 14:45 AMT

Freedom House-ը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին ռեպրեսիաների համար

Freedom House միզազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանում Toplum TV անկախ լրատվամիջոցի խմբագրությունում նախօրեին իրականացված խուզարկությունների ու դրան հետևած տասնյակ աշխատակիցների ձերբակալություններին։

«Ադրբեջանական Toplum TV-ի նկատմամբ ճնշումն Ալիևի ռեժիմի վերջին անընդունելի հարձակումն է երկրում քննադատական, անկախ ձայների վրա։ Մենք կշարունակենք ուշադիր հետևել քաղաքացիական հասարակության, ակտիվիստների և անկախ ԶԼՄ-ների դեմ Ալիևի ռեժիմի արշավին և կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին՝ պատասխանատվության ենթարկել ռեժիմին ռեպրեսիաների այս ալիքի համար»,- ասվում է կազմակերպության X-ի էջում արված գրառման մեջ, հայտնում է Factor.am-ը։

Նշվում է, որ ավելի քան 10 ձերբակալված աշխատակիցները միանում են տասնյակ այլ լրատվամիջոցների աշխատողներին, որոնց հետապնդում են Ադրբեջանում իրենց լրագրողական գործունեության համար։ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ևս մտահոգություն է հայտնել ձերբակալությունների առթիվ։

«Բրիտանիան խորապես անհանգստացած Toplum TV-ի լրագրողների և «3-րդ Հանրապետություն» քաղաքական շարժման ներկայացուցիչների կալանավորումների կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել խոսքի ազատությունը և մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ՝ վերջերս ձերբակալված լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչների իրավունքները»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։

Մարտի 6–ին Ադրբեջանում տասնյակ լրագրողներ ու ակտիվիստներ են ձերբակալվել։ Վերջին տեղեկություններով՝ այժմ ձերբակալված է մնում յոթ լրագրող ու ակտիվիստ, որոնք մեղադրվում են մաքսանենգության մեջ։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնը խորապես մտահոգված է Toplum TV անկախ լրատվամիջոցի, ինչպես նաև անկախ լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների դեմ Բաքվում իրականացվող արշավի մասին հաղորդումներով։