AM
20 March 2024 - 12:30 AMT

Զախարովա. ՆԱՏՕ-ն նպատակ է դրել Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ բացել Հարավային Կովկասում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն նպատակ է դրել Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ բացել Հարավային Կովկասում։

«ՆԱՏՕ-ն որպես իր առավելագույն նպատակ մտադիր է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում և ընդհանուր առմամբ թեժացնել իրավիճակը տարածաշրջանում»,–ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ–ը։

Ըստ նրա, Արևմուտքին ձեռնատու չէին ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել ՌԴ միջնորդությամբ, կարմիր լաթի պես ազդեցին Արևմուտքի վրա, քանի որ դա ճանապարհ էր դեպի խաղաղություն, հիմնված փոխադարձ հարգանքի և շահերի փոխադարձ ընդունման վրա»,–ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հարավային Կովկասում էր տարածաշրջանային այցով։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նախ այցելել է Ադրբեջան, երեկ Վրաստանում էր, իսկ այսօր այցելել է Հայաստան։ Բավքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը երկար տարիների հակամարտությունից հետո այսօր հնարավորություն ունեն հասնել կայուն խաղաղության։ Ալիևի հետ Ստոլտենբերգը քննարկել է Ադրբեջանի և դաշինքի համագործակցությունը, էներգետիկայի թեման:

Երևանում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, անդրադառնալով հայ–ադրբեջանական կարգավորմանը, ասել է, որ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, հետևաբար, չի կարող առաջարկություններ դնել բանակցությունների սեղանին, սակայն, տեսնում է, որ հնարավորություն կա համաձայնության հասնելու՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցվել են։