AM
20 March 2024 - 12:30 AMT

Պեսկով․ ԵՄ առաքելության մասին Երևանի որոշումը միակողմանի է, ինչը դրա «արդյունավետությունը կասկածելի է դարձնում»

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը միակողմանի կարգով է հրավիրել Եվրամիության առաքելությանը, առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու։

«Հարց է, թե որն է դիտարկման առարկան և արդյոք ադրբեջանական կողմը ճանաչում է այդ առաքելությունը։ Ես կասկածում եմ, որ նման մանդատն այնտեղ ըմբռնումով կընկալվի»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Պեսկովը կասկածի տակ է դրել ՀՀ–ում ԵՄ առաքելության արդյունավետությունը։

«Դա Երևանի միակողմանի որոշումն է։ Նման առաքելության պոտենցիալ արդյունավետությունը կարելի է կասկածելի համարել»,–ասել է նա։

ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Ըստ այդմ, ՀՀ–ում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակներն ու անձնակազմը մաքսային եւ հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն:

Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։