ՆԱՏՕ–ում ԱՄՆ դեսպան Ջուլիանա Մուրը լրագրողների համար առցանց ասուլիսում հայտարարել է, որ գործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ շատ արժեքավոր է դաշինքի համար։
Նա հիշեցրել է, որ վերջերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգնն այցելել էր Հարավային Կովկաս՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, գրում է Report.az-ը։
«Դա շատ կարևոր այց էր տարածաշրջան։ Նա այցելեց Հարավային Կովկասի երկրներ և դա վկայում է մեր գործընկերության կարևորության մասին: Վրաստանը մեր ամենամոտ գործընկերներից է: Ադրբեջանն ու Հայաստանը նույնպես խորացնում են հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, սակայն պետք է ընդգծել, որ ոչ բոլոր գործընկերներն են ձգտում անդամակցության»
Նա հավելել է, որ ՆԱՏՕ–ն սատարում է դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտմանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հարավային Կովկասում էր տարածաշրջանային այցով։ Երևանում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, անդրադառնալով հայ–ադրբեջանական կարգավորմանը, ասել է, որ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, հետևաբար, չի կարող առաջարկություններ դնել բանակցությունների սեղանին, սակայն, տեսնում է, որ հնարավորություն կա համաձայնության հասնելու՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցվել են։