Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, որը պաշտոնական այցով Ղրղզստանում է, իր պաշտոնակից Ժեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանն ասել է, թե «միակողմանի քայլերն ու նախաձեռնություններն, ուղղված խաղաղության հնարավորությունների դեմ, անընդունելի են»:
Նա այդ մասին խոսել է՝ անդրադառնալով հետպատերազմյան շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և այն մարտահրավերների մասին, որոնք «սպառնում են խաղաղության հաստատմանը տարածաշրջանում», գրում է Haqqin.az-ը։
Բայրամովը նաև ասել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը ապրիլի 5-ին հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Հայտարարվել է, որ ԵՄ-ն 270 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին, Հայաստանի համար աջակցության նոր փաթեթի՝ Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակում արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ ԱՄՆ–ն $65 մլն կհատկացնի։