AM
10 April 2024 - 11:05 AMT

Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կարող են անձամբ քննարկել առկա հարցերը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանելի հեռանկարում կարող են անձամբ քննարկել բոլոր այն հարցերը, որոնք կան երկու երկրի հարաբերություններում։

«Մենք հուսով ենք, որ տեսանելի հեռանկարում հնարավորություն կստեղծվի, որպեսզի ղեկավարներն անձամբ քննարկեն նման հարցերը, եթե այդպիսիք կան օրակարգում»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա հավելել է, որ Հայաստանը ՌԴ դաշնակիցն է ու մերձավոր գործընկերը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը շարունակվում է աշխատանքային մակարդակով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են: Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել: