AM
19 April 2024 - 10:57 AMT

Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված «փաստաթղթի լուսանկարին», որը, իբր, ընդունվել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ համաժողովի շրջանակում և որը Հայաստանին ռազմական բնույթի մեծ աջակցության մասին է։

ԱՄՆ Պետդեպարտամենտից հարցմանն ի պատասխան հայտնել են, որ դա «մաքուր ապատեղեկատվություն է», գրում է «Ազերթաջը»։

«Այս փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է, անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել։ Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել մամուլի հաղորդագրության վրա, որը մենք ընդունել ենք Եվրամիության և Հայաստանի հետ համատեղ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում։ Բրյուսելյան հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվրամիության և Հայաստանի հետ համատեղ, կենտրոնացած է եղել միայն Հայաստանի տնտեսական կայունության վրա, որը փորձում է դիվերսիֆիկացնել առևտրային գործընկերությունը և բավարարել իր մարդասիրական կարիքները, այդ թվում՝ աջակցությանը Հայաստանում ընթացող բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,- ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության պատասխանում։

ՀՀ ԱԳՆ ևս հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, մեկնաբանելով լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրերի տարածումն ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ, ինչպես նաև ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը, որն իբրև ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում, հայտարարել է, որ բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Նա հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է: