ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում կայացած հանդիպումը։
Ըստ նրա, կարևոր է, որ Ալմաթիի շփումները 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների հունով են ընթանում, որոնք որոշել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը, հայտնում է News.ru-ն։
«Եվս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ։ Անդրադառնալով պատմությանը՝ կտեսնենք, որ Ղազախստանը զգալի ավանդ է ունեցել 1991թ․սեպտեմբերին Ժելեզնովոդսկի հռչակագրի ընդունման մեջ, որը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական դիմակայությունը դադարեցնելու առաջին լուրջ փորձերից մեկն էր»,–ասել է նա։
2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ: