Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը։
Մայիսի 15–ին Ադրբեջանի հսկողության տակ անցած Խոջալուում (Իվանյան) տեղի է ունենալու հանդիսավոր արարողություն՝ նվիրված ռուս խաղաղապահների դուրսբերմանը «Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանից», հայտնում է Haqqin.az-ը։
Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշները, ինչպես նաև դրանց մեծ պատկերները։
Ռուս խաղաղապահները տեղակայավել էին Լեռնային Ղարաբաղում 2020–ի 44–օրյա պատերազմից հետո ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9–ի հայտարարության 3–րդ կետով։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։