ԿԽՄԿ աշխատակիցները մայիսի ընթացքում այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին, որոնք կալանքի տակ են շինծու գործերով։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Տեղի են ունեցել առանձնազրույցներ և պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ կապ հաստատելու համար, հայտնում է APA-ն։
«Ըստ մանդատի, ԿԽՄԿ–ն այցերի ժամանակ գնահատում է շփումը կալանավորված անձանց հետ, նրանց պահման պայմանները և հնարավորություններ է ստեղծում ընտանիքի հետ կապ հաստատելու կամ շարունակելու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Բաքվի բանտերում գտնվող Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի կալանքի ժամկետները ևս երկարացվել են 5 ամսով։
Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։