AM
30 May 2024 - 11:20 AMT

Բաքվում նեղվել են ԵՄ դիտողություններից․ Կոչ են անում «վերջ տալ Ադրբեջանի դեմ սադրանքներին»

Ադրբեջանբի ԱԳՆ–ն արձագանքել է ԵՄ արտաքին կապերի կոմիտեի հայտարարությանը, որով կոչ է արվում ազատել քաղբանտարկյալներին՝ անվանելով այդ հայտարարությունը «կանխակալ և անընդունելի»։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն կոչ է արել ԵՄ ինստիտուտներին ուշադրություն դարձնել «մարդու իրավունքների խախտումներին Միության տարածքում, դադարեցնել իր միջամտությունը և սադրանքներն Ադրբեջանի դեմ»,–գրում է APA-ն։

ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին։ «Եվրամիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին ազատել իրենց հիմնական իրավունքների իրացման համար դատապարտվածներին, արժանապատիվ և անվտանգ պայմաններ ապահովել կալանավորների համար»,–ասվում է հայտարարության մեջ։

Հաջիզադեն նաև ասել է, որ «Ադրբեջանի նախագահությունը COP29–ում քաղաքական դրդապատճառներով պայմանավորելը հակասում է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում համագործակցության գաղափարի էությանը»։ Հաջիզադեն ասել է նաև, թե Բաքուն ոչ ոքի «խորհուրդների ու ցուցումների կարիքը չունի»

ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վիճակը նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ Կլիմայի փոփոխության գլոբալ կոնֆերանսի (COP 29) ուշադրության կենտրոնում է, և որ դա հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին և աշխատանքի պայմաններ ստեղծել քաղաքացիական հասարակության համար։ Նշվում է, որ դա նաև բխում է Ադրբեջանի պարտավորություններից։

Ավելի վաղ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը դիմել էր միջազգային հանրությանը՝ կոչ անելով չեղարկել COP 29–ի անցկացումը Բաքվում, եթե ազատ չարձակվեն բոլոր հայ գերիները, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։