Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մայիսի 29-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Թեհրանը հավատարիմ է Կովկասում անվտանգության և կայունության պահպանմանը, հայտնում է Արմենպրեսը իրանական Mehr գործակալության վրա հղումով։
Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ կյանքի կոչել Երևանի հետ արդեն իսկ ստորագրված համաձայնագրերը, ինչպես նաև օգնել Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին։
Կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը։ Ալի Բաղերի Քանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին Իրանին նախագահի, արտգործնախարարի ու մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ հղելու առնչությամբ, ինչպես նաև ողջունել ՀՀ վարչապետի այցը Թեհրան։
Քանին շեշտել է իրենք հանձնառությունը՝ արդյունավետ դերակատարում ունենալ կովկասյան տարածաշրջանում տևական անվտանգություն ու կայունություն հաստատելու գործում։
Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի հետ հեռախոսազրույցում ևս մեկ անգամ իր գործընկերոջը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ և արտահայտել իր զորակցությունը: Այդ մասին հայտնել էր ՀՀ ԱԳՆ–ն։