ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարաել է, որ Հայաստանի «չմտածված քայլերը» կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ այլ երկրների հետ միասնական պաշտպանական համակարգի ստեղծմանն ուղղված համատեղ աշխատանքին վերադառնալը:
Ըստ նրա, Երևանը, կարծես, ցանկանում է օգտվել այն պահից, երբ Արևմուտքը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում փոխգործակցության ուժեղացման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Սակայն չմտածված որոշումները, որոնք տվյալների ազգային բազաների ու երկրի անվտանգության համար զգայուն տեղեկատվության լիակատար հասանելիություն կապահովեն արևմտականների համար, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի գծով մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական համակարգի ստեղծմանն ուղղված համատեղ աշխատանքին վերադառնալը»,- ընդգծել է ԱԳ փոխնախարարը:
Գալուզինը վստահություն է հայտնել, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ–ին բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից, նպաստում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը:
«ՀԱՊԿ անդամ լինելն ու սերտ հարաբերությունները մեր երկրի հետ ռազմական ոլորտում առանցքային գործոն էին անկախ Հայաստանի զարգացման համար վերջին տասնամյակներում։ Ինչ էլ խոստանան Երևանին ավելի ու ավելի սիրաշահող արևմտականները, որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ ՀԱՊԿ-ին այլ գործուն այլընտրանք այսօր չկա»,–ասել է Գալուզինը։
Նա նշել է, որ Ռուսաստանն իրապես շահագրգռված է, որ Հարավային Կովկասի հարևանները կայուն խաղաղություն հաստատեն, իսկ Արևմուտքի նպատակներն արմատապես հակառակ բնույթ են կրում՝ միտված են խափանելու ընդհանուր ինտեգրացիոն նախագծերը՝ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը, թեև դեռես դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին ե պատրաստվում է ձեռնպահ նաե ֆինանսավորումից։