Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի՝ խաղային կազմակերպիչը 5 մլն դրամից ավելի շահման դեպքում պետական բյուջե պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Խաղային գործունեության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը:
Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը:
Բադասյանը նշել է, որ խաղային ոլորտը հիմա էլ կարգավորված է, հարկման դաշտում է, իսկ առաջարկվող նախագծով կարգավորվում է բուն շահումների հարկումը, որոնք գործող Հարկային օրենսգրքով համարվում են նվազեցվող եկամուտ և չեն հարկվում։
Կգործի նաև հարկային գործակալի համակարգը: Մնացած բոլոր շահումների դեպքում կգործի տարեկան կտրվածքով հաշվարկի մեթոդաբանությունը:
Հաջորդ փոփոխությամբ օպերատորի ընտրության ընթացակարգի ճկունությունն ապահովելու նպատակով հստակեցվել են խաղային ոլորտի կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հետ կապված դրույթները:
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման առարկան շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկի արտոնյալ համակարգերն են: