Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Այդ մասին ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Բայց դեռ ոչինչ պաշտոնական չէ: Սպասում ենք, որ ստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որ ամեն ինչ պաշտոնական լինի։ Այս պահին փորձում ենք քաղաքացիության հարցերը կարգավորել»,– նշել է Գիլոյանը:
Ավանեսյանը WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը։ Այժմ նա Ռուսաստանն է ներկայացնում։
Ավելի վաղ թենիսիստը հարցազրույցում նշել էր, որ չի պատրաստվում փոխել մարզական քաղաքացիությունը։
Էլինա Ավանեսյանը ծնվել է 2002 թվականին ՌԴ Պյատիգորսկ քաղաքում: WTA վարկանիշային աղյուսակում նրա ամենաբարձր տեղը եղել է 60-րդ հորիզոնականը 2024 թվականի փետրվարին: Օրեր առաջ ավարտված Ֆրանսիայի բաց առաջնությունում նա հասել է մինչև 4-րդ շրջան:
Մեծ սաղավարտի մեծահասակների մրցաշարերում նա իր դեբյուտը նշել է 2022 թվականին։ 2023–ի մայիսին Ավանեսյանը հաղթեց կարիերայի ամենախոշոր մրցաշարում՝ ITF W100 սերիայի տիտղոս: