AM
26 June 2024 - 12:36 AMT

ԱՄՆ կոնգրեսականների կոչը Բլինքենին՝ բարձրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում հորդորել են ԱՄՆ-ին առաջնահերթություն տալ Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայկական ժառանգություն ունեցող վայրերի պաշտպանությանը` ադրբեջանցի պաշտոնյաների հետ հետագա ամբողջ դիվանագիտական շփումների ընթացքում։ Այդ մասին հայտնել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Հունիսի 24-ի նամակում կոնգրեսական Շիֆը և նրա գործընկերները գրել են. «2023թ․ սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամումից հետո, արդեն իսկ կան ապացույցներ, Ադրբեջանը շարունակում է հայկական մշակույթը ջնջելու իր ռազմավարությունը նաև այս տարածաշրջանում և դրա շուրջը»: Օրենսդիրները ընդգծել են․ «Մենք գրում ենք այս նամակը՝ արտահայտելու մեր խորը մտահոգությունը․ պետքարտուղարությունը պետք է ավելին անի՝ կանխելու Ադրբեջանի գործողությունները։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր բարձրաստիճան դիվանագետները հանդիպում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ, անհասկանալի է, արդյո՞ք այդ մտահոգությունները բարձրացվում են և եթե բարձրացվում են, ապա դա արվում է համապատասխան լրջությա՞մբ, ինչին արժանի է այս խնդիրը»:

Նամակում նախ մատնանշվում է 1997-2011թթ․ Նախիջևանում հայկական ժառանգության համակարգված ոչնչացման փաստը, ինչպես նաև Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (նաև հայտնի է որպես Կանաչ ժամ), ինչպես նաև մշակութային ժառանգության այլ կոթողների ավերումը:

Ընդգծվում է, որ Ադրբեջանը հաճախ փորձում է քողարկել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը` այն անվանելով պատմական վայրերի «վերականգնում», ինչպես նաև ջնջելով հայկական ժառանգությունը՝ պնդելով, որ այդ հուշարձաններն ունեն «կովկասյան ալբանական» ծագում:

Նշվում է, որ 500 հայկական մշակութային ժառանգության հուշարձաններ վտանգի տակ են՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներից հետո, այդ թվում՝ աշխարհի հնագույն եկեղեցիներն ու վանքերը, որոնք թվագրվում են 4-րդ դար, ինչպես նաև բարդ փորագրությամբ խաչքարեր, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արձանագրված են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Մեկնաբանելով հիշյալ նամակը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Չկա Ադրբեջանի ցեղասպանության մտադրության ավելի հստակ ապացույց, քան նրա համակարգված ջանքերը՝ ջնջելու հայկական քաղաքակրթության վերջին հետքն Արցախում, ճիշտ այնպես, ինչպես դա արեցին թուրքական իրարահաջորդ կառավարությունները Հայոց ցեղասպանությունից հետո: Մենք ողջունում ենք ներկայացուցիչ Շիֆի ջանքերը հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու գործում և գնահատում նրա շարունակական ջանքերը՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գործում»։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։