AM
3 July 2024 - 12:59 AMT

ՌԴ ԱԳՆ. Մերձբալթյան երկրները ձգտում են Հայաստանին «պոկել» Ռուսաստանից

ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասյինը հայտարարել է, թե Մերձբալթյան երկրներն ամբողջ ուժով ձգտում են «պոկել» Հայաստանին ՌԴ–ից և հետխորհրդային տարածքում ընթացող ինտեգրման գործընթացներից։

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Տալլինը, Ռիգան և Վիլնյուսը ծայրահեղ ապակառուցողական գիծ են որդեգրել։ Այժմ նրանք բոլոր ուժերով փորձում են Հայաստանին «պոկել» Ռուսաստանից, հեռացնել մեր ընդհանուր ինտեգրացիոն մեխանիզմներից, այդ թվում՝ ՀԱՊԿ–ից, գայթակղել եվրաատլանտյան հեռանկարով»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Նաստասյինը նաև ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ «մերձբալթյան պաշտոնյաներն ակտիվորեն պարտադրում են Երևանին իրենց «փորձագիտական կարծիքը եվրոպական ինտեգրման ճանապարհին արտաքին քաղաքական կողմնորոշման դիվերսիֆիկացման գործում»։

«Առաջարկվող «փորձաքննության» որակի և իրական նպատակների մասին կարելի է դատել ըստ այն դերի, որը նրանք կատարեցին 2013–ին մայդանի ողբերգական իրադարձություններում, որոնք հանգեցրին արյունալի հեղաշրջման Ուկրաինայում։ Հենց որ ինչ–որ բան մերձբալթյան ուղիով չգնա, ՀՀ–ին եվրաատլանտյան արբանյակ տեղափոխելու կուրատորներն ի դեմս Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի, կհեղեղեն հայերին ցուցումներով, թե ինչ պետք է անել»,–ասել է նա։

Դիվանագետը նաև վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդը հազիվ թե ցանկանա իր վրա զգալ սոցիալ–տնտեսական դժվարությունների հետևանքները, որոնց հետ «բախվել են վաղուց իրենց ինքնուրույնությունը կորցրած հանրապետությունները»։

«Ռեկորդային աճը, որը վերջին տարիներին գրանցվում է Հայաստանում՝ որպես ԵԱՏՄ անդամ, այնտեղ չի էլ նշմարում։ Հազիվ թե արժե Արևմուտքին հաճոյանալու համար հրաժարվել այն մեխանիզմներից, որոնք ապահովել են հանրապետության տնտեսական կայունությունը։ Իմաստ չունի հույսեր տածել, որ ԵՄ–ում պատրաստ են ապահովել Հայաստանի պայծառ ապագան։ Եվ, միանգամայն պարզ է, որ մերձբալթյան երկրները վատ խորհրդատու են այս հարցում»,–ասել է նա։