ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է Երևանին իր դաշնակիցը համարել, իսկ ապրանքաշրջանառությունը երկու երկրի միջև հասնում է 7․3 մլրդ դոլարի։
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ ունենք։ Մեր ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ հասնում է 7․3 մլրդ դոլարի։ Եթե անդրադառնանք վիճակագրությանը, ապա հունվար–ապրիլին այն աճել է 2 անգամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տեմպերը շատ լավն են, տնտեսությունը շատ լավ զարգանում է»,–ասել է նա՝ նշելով, որ ՀՀ–ն ԵԱՏՄ ակտիվ մասնակից է։
Օվերչուկին հարցրել են Երևանի հետ հարաբերությունների մասին ՆԱՏՕ–ի հոբելյանական գագաթնաժողովի հարակից միջոցառումներին ՀՀ–ին և Ադրբեջանին հրավիրելու համատեքստում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հանդիպմանը, որը տեղի կունենա Վաշինգտոնում հուլիսի 9-11–ը։ Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։